Դժվար օր էր սեպտեմբերի 10-ը Հայաստանում: Կառավարության նիստում հնչեցին հայտարարություններ ու հանձնարարականներ, որ դժվար աշուն են կանխատեսում Հայաստանում ընդհանրապես:
Deloitte Touche ընկերությունը սկսել է աշխատանքները՝ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվություն իրականացնող Deloitte Touche ընկերության վերլուծությունը էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ: Ընկերությունն աշխատանքները բաժանել երեք փուլի, առաջին փուլի աշխատանքներն ավարտվում են սեպտեմբերի վերջին, երկրորդինը՝ հոկտեմբերի վերջին, երրորդինը՝ նոյեմբերին: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն էլ ասել է, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթ՝ մինչև 20-ը: Ի՞նչ է սա նշանակում: Եթե Deloitte Touche-ը մինչև սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը ներկայացնում է իր եզրակացությունը, ուրեմն կառավարությունը դադարու՞մ է էլէներգիայի թանկացումը փոխհատուցել և սպառողների համար ուժի մեջ է մտնում նոր սակագինը, թե՞ ընթացակարգերով նախատեսված են այլ ժամկետներ: Այս հարցի պատասխանը կախված է օդում, փաստացի քաղաքացիական նախաձեռնություննեը բոլոր հիմքերն ունեն վերադառնալու Ազատության հրապարակ ու Բաղրամյան պողոտա:
Գրոդնոյից բարձր տրամադրությամբ վերադարձած վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարեց ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը Հայաստան ապահովելու հարցը: Հիմնավորումը՝ «Եթե մենք այդ հարցը լուծենք, Ռուսաստանի շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը»: Հարցի իրավական ու տեխնիկական կողմերը մեկդի թողած՝ քաղաքական ի՞նչ նպատակներ է Հովիկ Աբրահամյանը փորձում լուծել իր հանձնարարականով: Տնտեսության ակտիվությունը բարձրացնում են ներդրումները, իսկ իրեն քիչ թե շատ հարգող ցանկացած ներդրող Ռուսաստանում հաստատ ունի ոչ միայն տեղական, այլև՝ արտասահմանյան անձնագիր, այնպես որ տնտեսական ակտիվությունը և զբոսաշրջության զարգացումը կապել ռուսական «տեղական» անձնագրերի Հայաստանում իրավազորության հետ, խաբկանք է:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրություն կնքելուն, որով Հայաստանի քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Բելառուսի տարածքում գտնվելու ու աշխատելու համար: Հավանություն տրվեց նաև «Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության ամբողջ նիստից այն տպավորությունն էր, որ «Շանթը» շարունակվում է և Հայաստանի ամբողջ բնակչությանը արդեն ոչ իբրև ուսումնական վարժանքի շրջանակներում, այլ միագամայն ոչ պայմանականորեն պատրաստում են մեծ ու անաղմուկ էվակուացիայի: Մի քանի ամիս առաջ դարակազմիկ հաջողություն որակվեց ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունը, հիմա նմանատիպ գործընթացներ են սկսվել Բելառուսի հետ: ՌԴ ու Բելառուս կմեկնեն աշխատանքային միգրանտները, իսկ երիտասարդները կմեկնեն Ֆրանսիա՝ սովորելու ու աշխատելու: Ուզենան՝ կվերադառնան, չեն ուզենա՝ չեն վերադառնա: Բայց ինչու՞ այս ու այն կողմ ցրել աշխատուժի որակյալ մեծամասնությունը, Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու փոխարեն: Արտագաղթի խթանման օրինագծերի, համաձայնագրերի ու որոշումների ճանապարհը ո՞վ պիտի փակի, եթե ոչ կառավարությունը, բայց վարչապետի գլխավորությամբ նախարարների խնդիրը կարծես դարձել է բոլոր ոլորտներում այնպիսի պայմաններ ձևավորելը, որ Հայաստանում մնան միայն դինոզավրերը, որոնք դեռ չեն էլ հայտնաբերվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի հավելումն՝ Հայաստանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ՝ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փաստորեն նա էլ իր հերթին է հաստատել, որ Հայաստանը հարևանի հետ հարաբերությունները հետայսու կառուցելու է ԵԱՏՄ շրջանակներում: Վերջ: Իրանի դուռն էլ գործանականում կողպեցինք, որովհետև Թեհրանին այս պամաններում 100 տարի հետո կարող են հետաքրքրել ԵԱՏՄ շուկան, հնարավորություններն ու ռիսկերը: Եթե 100 տարի ԵԱՏՄ-ն, իհարկե, ձգի: Կամ՝ Հայաստանը: Այս ընթացքով: